«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում է աջակցել ֆերմերային խմբերին «Հաց Աշխարհին» կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգաների կիրառությամբ» եռամյա ծրագրի շրջանակում։
ՀՀ-ում չօգտագործված է մնում վարելահողերի 60-70%-ը: Այդ պատճառով հրատապ հարց է համայնքներում ֆերմերային խմբերին և գործող կամ ստեղծվող կոոպերատիվներին այս հարցում աջակցելը: Ինչպես ցույց է տալիս մեր փորձը այս կառույցներն անհրաժեշտ մեթոդական և նյութական աջակցության դեպքում ձեռնամուխ են լինում լքված վարելահողերի մշակմանը: Տարիներ շարունակ չօգտագործվող հողատարածքների մշակումը նպաստում է ընտանիքների շահույթի կայուն ավելացմանը։ Այս գործընթացն օգնում է աստիճանաբար նվազեցնելու արտագնա աշխատանքի մեկնելու միտումը, որն ակնհայտորեն նպաստում է գյուղական համայնքների կայուն զարգացմանը:
Ապրիլ և մայիս ամիսներին մեր մասնագետներն այցելեցին ծրագրի թիրախ հանդիսացող Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր։ Տարբեր համայնքներում նրանք հանդիպումներ ունեցան ֆերմերային խմբերի հետ, որոնք տարիներ շարունակ զբաղվում են գյուղատնտեսությամբ, ունեն վարելահողեր, մասնակի գյուղատնտեսական տեխնիկա։
Այս հանդիպումների նպատակն էր ծանոթանալ խմբերի բիզնես գաղափարներին, բացահայտել խոչընդոտող հանգամանքները և քննարկել ծրագրի շրջանակում հնարավոր աջակցության հեռանկարները: