Գյուղատնտեսական կոոպերատիվներ

Անցյալ դարի 90-ականների սկզբին Հայաստանը նախկին Խորհրդային հանրապետությունների շարքում առաջինն իրականացրեց գյուղատնտեսական ակտիվների, այդ թվում՝ հողերի, անասունների, ընտանի թռչունների և գյուղատնտեսական տեխնիկայի, զանգվածային մասնավորեցում: Արդյունքում ստեղծվեցին ավելի քան 340,000 մասնավոր փոքր գյուղացիական տնտեսություններ (միջինը 1.5 հա հողատարածք մեկ տնտեսության հաշվով)՝ ավելի քան 1.3 միլիոն հողակտորներով: Սակայն փոքր և մասնատված գյուղացիական տնտեսությունները, ինչպես նաև հիմնականում հնացած և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից ոչ արդյունավետ գյուղատնտեսական մեթոդները և տեխնոլոգիաները խոչընդոտում էին գյուղատնտեսական արտադրության արդյունավետ կազմակերպմանը: Հին և քայքայված ենթակառուցվածքները, գյուղատնտեսական արտադրանքի շուկայական առաջխաղացման հետ կապված դժվարությունները, ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը, հմտությունների զարգացման և մասնագիտական ուսուցման համար ոչ համարժեք հնարավորությունները, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման ծառայությունների ցածր որակը բացասական ազդեցություն ունեցան գյուղական շրջաններում աղքատության խորացման հարցում, որի մակարդակը 2020թ.-ին հասավ Հայաստանի ամբողջ բնակչության թվի 27%-ին:

Image

Water Drain

Սկսած 1999թ.-ից, չօգտագործվող պահուստային հողերի վրա պտղատու այգիների հիմնումը եղել է մեր գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը: Ձեռք բերված արդյունքները վերլուծելուց հետո որոշեցինք վերանայել նոր պտղատու այգիների հիմնման ռազմավարությունը։ Հատկապես առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել գյուղական ձեռներեցության խթանման և անհատ ֆերմերներին աջակցելու համար։ Մենք ներգրավում ենք այն ֆերմերներին, ովքեր ունեին անհրաժեշտ վճռականությունը, սակայն չունեին բավարար միջոցներ ցածրորակ հողերի վրա պտղատու այգիներ հիմնելու համար: Համայնքների գյուղատնտեսական ներուժը գնահատելուց հետո մենք աջակցում ենք ֆերմերներին՝ բարելավելով նրանց ամայի ու աղքատ հողերը և վերականգնելով ոռոգման համակարգերը: Շահառուներն ուղղակի և էական ֆինանսական և բնաիրային ներդրում ունեն այս գործընթացում:

Image

Horticulture

Այսօր գյուղական շրջանների աղքատ բնակիչները կախված են ստվերային, հաճախ մենաշնորհված  շուկաներից, որոնք չեն նպաստում նրանց տարրական կարիքների բավարարմանը: Հաշվի առնելով վերը նշված գործոնները, մենք հանդես եկանք նոր գաղափարներով և մոտեցումներով, որպեսզի աջակցենք փոքր գյուղացիական տնտեսություններին՝ հիմնականում  բնամթերային գյուղատնտեսությունից դեպի առևտրային բնույթի գյուղատնտեսություն անցնելու գործում: Սկսած 2010թ.-ից մեր՝ եկամուտների ստեղծմանն ուղղված ծրագրերում իրագործում ենք «Շուկաներն ի շահ աղքատների» (M4P) նորարարական մոտեցումը: Մենք նպաստում ենք փոքր գյուղացիական տնտեսությունների հիմնական շահութաբեր արժեշղթաներում ավելի լավ ներգրավվելու գործընթացին, ինչի արդյունքում այդ տնտեսություններն ստանում են ավելի բարձր եկամուտներ: